Ըստ էության, Հայաստանի առաջիկա ԱԺ ընտրությունները դարձել են արտաքին խաղացողների արդեն բացահայտ միջամտության առարկա: Այդ «խաղացողները» որոշել են խառնվել մեր պետության ներքին գործերին ու, որ հատկանշական է տվյալ դեպքում, դա սկսել են անել անթաքույց, բացեիբաց:
Եվրամիությունը, օրինակ, բացահայտ հայտարարեց, որ «քեշ փող» է դնում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների վրա: Չափազանց պարզ հասկացրեցին Փաշինյանի իշխանությանը, թե ինչ ուզում եք՝ արեք, կուզեք՝ մոլդովական տարբերակով, կուզեք՝ ավելի վատ, «փողը տված ա»:
Հիմա արդեն «պարահանդեսին» միացավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ բացեիբաց հայտարարելով, թե Հայաստանի առաջիկա ընտրություններում իրենց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, նրան են իրենք աջակցում (տեսնես՝ կասկածող կա՞ր):
ՈՒ ստացվում է, որ այն ամենը, ինչ վերջին տարիներին ու հատկապես 2025-ի ընթացքում անում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսյալ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմից մինչև ՀԷՑ-ի խլում ու ընդդիմադիրների նկատմամբ տեռոր, այսինքն՝ այն ամենը, ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում, լիովին տեղավորվում են, համապատասխանում են Արևմուտքի և Թուրքիայի ծրագրերին: Դե, հասկանալի է՝ գումարած Ադրբեջանը:
Մյուս կողմից՝ ռուսական պետական քարոզչամիջոցի մի հաղորդավար ինչ-որ բան էր բլթացրել եթերում, և ՔՊ-ն ամբողջ կազմով հարձակվել էր նրա վրա, ՌԴ դեսպանին անգամ կանչեցին ԱԳՆ՝ բողոք հայտնելու: Բայց, ա՛յ, Ֆիդանի դեպքում «դուխովների» «դուխը» աներևութացավ, ոչ մի քպ-ական ծպտուն չհանեց, օրինակ, թե դու ո՞վ ես, այ Հաքան Ֆիդան, որ մեր երկրի ներքին գործերին խառնվես...
Չնայած, չէ՛, ինչ-որ ծպտուն, այնուամենայնիվ, հանեցին, նույնիսկ շնորհակալություն հայտնեցին:
Այնքան բացահայտ և խոսուն է այս ամենը, որ հազիվ թե լրացուցիչ մեկնաբանությունների կարիք լինի:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ